4 մարտի 2019 - 18:32 AMT
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների հանդեպ խտրական վերաբերմունքն էլ ավելի խիստ կպատժվի

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար պատասխանատվությունը խստացնող օրենսդրական նախագիծ:

Դրանով սահմանվում է, որ բուժաշխատողների կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելը կամ ոչ պատշաճ տրամադրելը առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

Սահմանվում նաև, որ վարակակիրը, անկախ այն հանգամանքից, թե այլ անձի վարակելու ակնհայտ վտանգի է ենթարկել դիտավորությամբ, թե անզգուշությամբ` ենթակա է քրեական պատասխանատվության: Ընդ որում կապ չունի արարքի հետևանքը. այսինքն, եթե նույնիսկ անձը արդյունքում չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Նախագծով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն է սահմանվում միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

Նախագծով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի հայտնաբերման մատչելիությունը ապահովելու նպատակով կարող է օգտագործվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման ինքնաթեսթավորման հավաքածու, որը կարող է ձեռք բերվել լիցենզավորված դեղատնային գործունեություն իրականացնող կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից:

Նշվում է նաև, որ ՄԻԱՎ վերջնական ախտորոշումը կատարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններում օրենքով նախատեսված կարգով:

Նխագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս քաղաքականությունը էական նշանակություն կարող է ունենալ երկրում ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ պայքարն ուղղորդելու և դրան աջակցելու գործընթացում:

«Երբ օրենսդրությունը չի աջակցում և պաշտպանում ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի կամ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ավելի մեծ դժվարություններ են առաջանում հանրային առողջության տեսանկյունից ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման գործում: Ավելին, ապացուցված է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը նպաստում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության նվազեցմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խտրականության կանխարգելմանը և համաճարակի ազդեցության նվազեցմանը: Ապահովելու համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը` Հայաստանում սահմանվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծել պաշտպանելու և կյանքի կոչելու ՄԻԱՎ-վարակակիր կամ ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային պայմանագրերով և Սահմանադրությամբ», - ասվում է հիմնավորման մեջ: