6 մարտի 2019 - 15:50 AMT
Վարչապետ. Որպեսզի ԵՏՄ-ն կայանա, էներգակիրների գները պետք է մոտ լինեն

Ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հուսով է, որ 2019-ին կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ՌԴ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՏՄ համար:

«Չէ որ, ԵՏՄ ստեղծման նպատակը միասնական տնտեսական տարածք ունենալն է: Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր մաս են կազմում արտադրանքի իքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, մոտ լինեն».-ասել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, եթե նույն արտադրանքի ինքնարժեքն էներգակիրների բարձր գների պատճառով Հայաստանում շատ ավելի մեծ լինի, քան, օրինակ, Բելառուսում կամ ՌԴ-ում, դա կհարվածի ԵՏՄ էությանը:

«Այս հարցը մենք քննարկում ենք ոչ միայն մեր ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵՏՄ բարձրագույն տնտեսական և միջկառավարական խորհրդների նիստերում, ինչպես նաև այլ ձևաչափերում»,-ասել է վարչապետը:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար:Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:

Ընթերցեք նաև.Փաշինյան. Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար