Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է երկրի անկախության ամրապնդումը, ինքնիշխանության պաշտպանությունն ու անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Euronews-ին տված հարցազրույցում:
Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանում ավտորիտար իշխանությունը կամ բռնապետությունը որևէ շանս չի կարող ունենալ: Այդ մասին նա խոսել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հայերի այս սերունդը միայն մեկ ազգային առաջնորդ ունենա՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա վերընտրվի կրկին ու կրկին:
«Եթե ինձ ընտրեն ազատ և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում բռնապետական կառավարման կամ դիկտատուրայի սպառնալիք առաջանա, այն ոչ մի շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեքներից»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով տնտեսական բարեփոխումներին՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է ցանկացած՝ այդ թվում և տնտեսական ու քաղաքական գործընթացներում, ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց»:
Աշխատանքային այցով Բելգիա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Անդրադառնալով ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներում աջակցությանը, Յունկերը հայտնել է, որ վարչապետը մեկ շաբաթ առաջ ԵՄ-ին է ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրի մասին: