26 մարտի 2019 - 15:17 AMT
2 նոր նամականիշ՝ նվիրված Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին

2019-ի մարտի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել 2 նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը:

230 և 330 դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակներն են պորտուգալական Atelier B2 ընկերությունը (Ժոզե Բրանդեու) և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:

230 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900-ին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդ՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: 330 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Կուտինայի հախճապակյա թաս (XVIII դ.)՝ ձեռք բերված Գալուստ Գյուլբենկյանի կողմից 1922-ին:

Մարման միջոցառման շրջանակներում Կենտրոնական բանկը հայտարարել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին:

Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: