Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որը ՌԴ էր այցելել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով, հրավիրել է նրան պատասխան այց կատարել Հս. Կորեա: Այդ մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: Ըստ պաշտոնական գործակալության, Պուտինն ընդունել է հրավերը:
Ապրիլի 25-ին Վլադիվոստոկում Պուտինն ու Կիմ Չեն Ինը բանակցել են նեղ և ընդլայնված կազմով: Խոսքը Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու մասին է եղել, այդ թվում ապամիջուկայնացման և երկկողմ հարաբերությունների շուրջ: Նախագահները քննարկել են ՌԴ-ից Հյուսիսային Կորեա էլեկտրահաղորդիչ նոր գծերի, գազամուղի և նավթամուղի կառուցման հնարավորությունները, գրում է «Վեդոմոստին»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կիմ Չեն Ինը կրճատել է իր մշակութային ծրագիրը Վլադիվոստոկում և ավելի շուտ կմեկնի Փհենյան, քան նախատեսվում էր: Նման քայլի պատճառները չեն պարզաբանվում: