Վարորդական իրավունքի տրման կարգը խստանալու է, հարցաշարերն ավելի ծավալուն են դառնալու: Այդ մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ եթե հիմա հարցաշարում 600 հարց է, 1000 հարցի է մոտենալու:
Պաստախանելով գումարով վարորդական իրավունք ստանալու դեպքերի մասին հարցին՝ Կարապետյկանն ասել է, որ եթե նախկինում նման դեպքեր եղել են, համապատասխան ծառայությունները զբաղվել են դրանով, և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքից, հայտնում է Shantnews.am-ը
Վարորդական իրավունք տալ, թե չտալ, հարցի պատասխանը որոշելու են տեսական և գործնական քննությունների արդյունքները: ՃՈ պետը նշել է, որ այսօր բացառված է գումարով վկայականի ձեռքբերումը: Իսկ թե ինչ կերպ են դա բացառելու, նա չի մանրամասնել: «Դրանք մեր վերահսկելու ձևերն են, որ չեմ ուզում բացահայտել»,- ասել է Կարապետյանը:
ՃՈ պետին հիշեցրել են, որ նախկինում «գոլդ» համարանիշով մեքենաները կարողանում էին անարգել երթևեկել, այժմ՝ ոչ, և հետաքրքրվել՝ արդյո՞ք դա հեղափոխության հետ է կապված: «Թե՛ նախկինում, թե՛ ներկայում ՃՈ համար միևնույնն են եղել մեքենաները, եթե խախտումներ են կատարել, վարչական պատասխանատվության են ենթարկվել»,- տեղեկացրեց նա: