ԱԳՆ. Մխիթարյանին Բաքվում երաշխիքներ չտրամադրելը և հայ ֆաների մուտքի արգելքը ռասիստական դրսևորում է

ԱԳՆ. Մխիթարյանին Բաքվում երաշխիքներ չտրամադրելը և հայ ֆաների մուտքի արգելքը ռասիստական դրսևորում է

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեն, որոնք կբավարարեն և Հենրիխ Մխիթարյանին, և իր թիմին, ապա ՀՀ արտգործնախարարությունը որևէ առարկություն չի ունենա Բաքվում կայանալիք խաղին հայազգի ֆուտբոլիստի մասնակցությանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որի մասին հայտարարել էր օրեր առաջ, այն է՝ սպորտը վեր է քաղաքականությունից։ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը և ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ դա կասկածի տակ է դնում այդ երկրում միջազգային միջոցառումների անցկացումը։

«Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Սակայն ականատես եղանք ռասիզմի նոր դրսևորումների։ Բնականաբար, այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,- եզրափակեց ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդնոի «Արսենալը» հավանական է համարում, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Չելսիի» հետ, որն անցնելու է Բաքվում:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

 Ուշագրավ
Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին
«Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր»,-ասվում է գրառման մեջ
Դատախազությունը հաստատել է Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: