Զեյնալյան. Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության

Զեյնալյան. Վեթինգն իրականացվելու է առանց խտրականության

PanARMENIAN.Net - Հայաստանում վեթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր.«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «Vetting»-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

«Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի», - դատավորների համար նախատեսվող նոր ինստիտուտի բովանդակությունն է ներկայացրել Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Զեյնալյանը նկատել է, որ Հայաստանում ներդրվող վեթինգի ինստիտուտը առաջինը չէ աշխարհում և այս պահին նման ինստիտուտ գործում է Ալբանիայում՝ եվրոպական կառույցների հորդորով։ Ամենայն հավանականությամբ, հենց ալբանական փորձն էլ կիրառվելու է Հայաստանում։ Ալբանիայում գործող վեթինգի ինստիտուտն, ըստ նախարարի, ողջունել է Վենետիկի հանձնաժողովը։

Նախարարը պնդել է, որ վեթինգի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կա և ներկայումս գործող, դատավորների թափանցիկ գործունեությունը խրախուսող հայտարարագրման, կարգապահական վարույթի ինստիտուտները բավարար չէին։ Դիտարկմանը, թե կա մտավախություն, որ ցանկացած նոր իշխանություն կարող է վեթինգի ենթարկել նախորդ իշխանության նշանակած դատավորներին, Զեյնալյանն արձագանքել է. «Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված քայլ չէ։ Ամեն ինչ կանենք, որ այդ մտավախությունը փարատվի մեր կողմից ներկայացվող օրենքներով»,-ասել է նա։

Նա հորդորել է չկապել անցումային արդարադատությունը վեթինգի ներդրվող ինստիտուտի հետ՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հասկացություններ են։ «Անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը։ Սա հետապնդման, վրեժի գործիք չէ։ Անցումային արդարադատությունը չի կարելի ընկալվել որպես վրեժի գործիք», - ավելացրեց Զեյնալյանը։

 Ուշագրավ
«Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը»,-ասվում է գրառման մեջ
Բաբայանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը