Մեղադրական. Մարտի 1-ին Արցախից 1000 զինծառայող է բերվել Երևան, նրանց ՊՆ համազգեստ են տվել

Մեղադրական. Մարտի 1-ին Արցախից 1000 զինծառայող է բերվել Երևան, նրանց ՊՆ համազգեստ են տվել

PanARMENIAN.Net - Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը.նշվում է, որ Մարտի 1-ին Երևան է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մոտ 1000 պայմանագրային զինծառայողից և սպաներից կազմված համահավաք գումարտակ:

Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով:

Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ մոտ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ:

4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:

Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի մոտ 20 ծառայող: Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով: 2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ:

Նշվում է որ մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:

Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ