// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՎիվաՍել-ՄՏՍ. 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում

ՎիվաՍել-ՄՏՍ. 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում

PanARMENIAN.Net - Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

Սերյոժան 88-ի երկրաշարժից ոչինչ չի հիշում. այդ ժամանակ նա երեք տարեկան է եղել: Ավերված տան, հոր և եղբոր կորստի մասին գիտի մոր պատմություններից: Ավելի քան 30 տարի՝ վաղ մանկությունից, վագոն-տնակում է ապրում: Երկու երեխայի հայր դարձած երիտասարդը փորձել է լուծում գտնել. գլանաձև վագոնին ավելացել է ևս մեկը, սակայն մետաղյա տարածքը մնացել է ճնշող ու ապրելու համար անընդունելի: Վագոն-տնակում այժմ ապրում են 5 հոգով:

Սերյոժան երազում է կառուցել իր մանկության տունը: Տարիներ առաջ, նույն տարածքում շինարարական աշխատանքներ է նախաձեռնել: Նպատակն իրականացնելու համար՝ ստիպված է եղել բազմիցս արտագնա աշխատանքի մեկնել: Սեփական ձեռքերով, բարեկամների և ընկերների աջակցությամբ, տարիների ընթացքում նրան հաջողվել է կիսով չափ կառուցել տունը: Ավելին անել չի կարող՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը», մինչև տարեվերջ կիրականացնեն լոռեցի ընտանիքի տարիների երազանքը: Սահակյաններն ընդգրկվել են ընթացիկ տարվա ծրագրում, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքի էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչև տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաև տարիների՝ ձեր երազանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է