Ամերիկացի փորձագետը կօգնի մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը![]() 22 մայիսի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան կժամանի Հայաստան՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը: Նա ասել է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների և քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ և տեղի է ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք»,-ասել է նա: Խնդիրներից խուսափելու համար լավագույն ելքը խնդրի համակարգված լուծումն է, որը կիրառելի է բոլորի, այլ ոչ միայն թիրախավորված անձանց համար: Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն իր հերթին նշել է, որ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին: «Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները և բարեփոխել պետական համակարգը»,-ասել է նա: «Անցումային արդարադատությունը» երկարատև գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում: Խոսքը գնում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխման, այլև ամբողջ երկրի հեռանկարի փոփոխման մասին, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են: Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք»,-ասել է նա: Նա հավելել է, որ «անցումային արդարադատության» իրականացումն իր մեջ նաև մեկ կարևոր խնդիր է պարունակում՝ այն որ նախկին իշխանությունները կփորձեն արդարադատության հաստատումն ամեն կերպ ներկայացնել որպես հաշվեհարդար իրենց նկատմամբ: Լավագույն լուծումը կլինի խորհրդարանի կողմից «անցումային արդարադատության» իրականացման ծրագրի մշակումն ու ընդունումը, քանի որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է հասարակության առավել լայն շերտը, համոզված է Աննա Միրիամ Ռոքաթելլոն: «Անշուշտ, վարչապետն իր վրա է ընդունում այս նախագիծն առաջ տանելու քաղաքական պատասխանատվությունը, սակայն, արդյունավետ լինելու համար այն պետք է աջակցություն ստանա հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է»,-հավելել է նա: Սակայն, ինչպես իրականացնել «անցումային արդարադատություն», երբ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանները, իրենք են կասկածվում անարդար լինելու մեջ: Պատասխանը մեկն է՝ վեթինգը: Ռուբեն Կառռանզայի խոսքով, կան վեթինգի, կամ ստուգման տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս պարզել պաշտոնյայի եկամուտները, կապերը, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը: «Առաջին ճանապարհը՝ այն դատավորներին ու դատախազներին պաշտոններից ազատելն է, ովքեր կոռուպցիայի մեջ են ներքաշվել: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել մի գործընթաց, որի արդարությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում: Կա մեկ այլ եղանակ՝ դրա փոխարեն ստեղծել հատուկ մարմին, որն աշխատանքները կկենտրոնացնի կոռուպցիայի և մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վրա»,-ասել է նա: Հայաստանում Կառռանզան նախատեսում է հանդիպել ոչ միայն խորհրդարանականների, ում փորձելու է օգնել մշակել հենց Հայաստանի իրավիճակին և կարիքներին համապատասխանող «անցումային արդարադատության» ծրագիր, այլև՝ երիտասարդների հետ: «Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ անցումային արդարադատության գործընթացում մասնակցեն երիտասարդները: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել անցումային արդարադատության շրջանակներում Մարտի 1 սպանությունների գործերին, խաղաղ պայմաններում անցած տարիներին հայկական բանակում սպանված զինվորների և մարդու իրավունքների մյուս խախտումներին»: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը: Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |