28 մայիսի 2019 - 12:46 AMT
Գարեգին Բ. Այսօր էլ նույն ոգով պետք է պահպանենք մեր անկախ պետականությունը

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում՝ այդ փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը հայոց անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր հայ ժողովրդի: Այդ մասին ասվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց: Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները»,- ասված է ուղերձում, հայտնում է Մայր Աթոռւ տեղեկատվական համակարգը: