29 մայիսի 2019 - 10:48 AMT
Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խոսել է բանակցություններին ԼՂ միանալու անհրաժեշտությունից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: