29 մայիսի 2019 - 17:56 AMT
Եվս 200,000 մարդ դեղերը կստանա լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը 200,000 շահառուով կընդլայնի բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկվածներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է ավելացնել նոր հիվանդություն և ախտանիշ, մասնավորապես` հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը և վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդությունը:

Նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին:

Ներկայումս գործող որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրված շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 864,000: 2018 թվականին նշված շահառուներին նախատեսվել է տրամադրել 1․215 մլրդ դրամի դեղ: 2018 թվականի ընթացքում առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին փաստացի տրամադրվել է մոտ 300,0 հազար դեղատոմս` ընդհանուր 809․3 մլն դրամի կամ մեկ դեղատոմսի միջին արժեքը 2700 դրամ: