29 մայիսի 2019 - 19:16 AMT
Նախարար․ Գարդասիլը տարեկան 120 կյանք կփրկի

ԱԺ-ում ՀՀ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երկրում 6000 մարդ արդեն պատվաստվել է «Գարդասիլով», և նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել։

«Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է։ Հետևաբար, այդ հարցն ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր։ Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն 120 կյանք տարեկանԼ Մինչև օրս Հայաստանում կատարվել է 6000 պատվաստում։ Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասել է նախարարը։

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ:

Թորոսյանը նկատել է նաև, որ «Գարդասիլի» թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ: Գարդասիլ պատվաստանյութն օգտագործում են պապիլոմա վիրուսի դեմ՝ պայքարելով արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Նախաքաղցկեղային եւ քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով Հայաստանում 2017թ. դեկտեմբերից պատվաստում են ստանում մինչեւ 13 տարեկան աղջիկները: