ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարաության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել ոչ համացանցում, ոչ փողոցներում:
«Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով օրերս Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվել, հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում են խարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը», - ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել և չտրվել խաբեության:
«Կոչ են անում նման նախաձեռնությունների մասին անմիջապես տեղյակ պահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 114 թեժ գծի միջոցով, կամ ՀՀ ոստիկանությանը՝ 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դրամահավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 27-ին` ժամը 22:00-ին, ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են ներկայացրել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է ընթանում: