Ֆինանսական 24/7 Wall Street պորտալը կազմել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկը: Մարդկության պատմության մեջ լավագույն կոմպոզիցիան է համարվել բրիտանական The Beatles խմբի Yesterday երգը, որը թողարկվել է 1965-ին: Ձայնագրվել է երգի 665 քավեր: Billboard Hot 100 հիթ-շքերթում կոմպոզիցիան ընդգրկված է եղել 11 շաբաթ շարունակ, գրում է Lenta.ru-ն USA Today-ի վրա հղումով:
Yesterday-ը, որի հեղինակն է Փոլ Մաքքարթնին, Եվրոպայում ընդգրկվել է Help! ալբոմում, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է սինգլի տեսքով:
Երկրորդ հորիզոնականում է Simon & Garfunkel դուետի Bridge Over Troubled Water կոմպոզիցիան, որը թողարկվել է 1970-ին: Այն ունեցել է 400 քավեր և Billboard Hot 100 հիթ-շքերթում եղել է 14 շաբաթ:
Երրորդ տեղում բրիտանացի Ադելի 2010-ի Rolling In the Deep երգն է, որը հիթ-շքերթում է եղել 65 շաբաթ և ունի 84 քավեր:
Առաջին 10-յակում են նաև The Beatles-ի Hey Jude-ը, ամերիկացի Ջոն Լեջենդի All of Me-ին, Լեդի Գագայի Bad Romance-ը, The Queen-ի Bohemian Rhapsody-ն, The Beatles-ի Let It Be-ն և Բիլ Ուիզերսի Ain't No Sunshine:
Վարկանիշում ընդգրկված են նաև Էլվիս Փրեսիի Can't Help Falling In Love-ը (11-րդ հորիզոնական), Ֆարել Ուիլյամսի Happy-ն (14-րդ հորիզոնական), Նենսի Սինատրայի These Boots Are Made For Walkin (21-րդ տեղ), Survivor խմբի Eye of the Tiger-ը (25-րդ տեղ) և ռեփեր Էմինեմի Lose Yourself-ը (27-րդ տեղ): Թոփային կոմպոզիցիաների քանակով առաջատարը The Beatlesն է:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել կոմպոզիցիայի վաճառքի ցուցանիշները, ընդգրկումը Billboard Hot 100 հիթ-շքերթում, երգի քավերների քանակը և պահանջարկը երաժշտասերների շրջանում: