Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փաստաբան Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը:
«Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:
Ավելի վաղ՝ 2018 թվականին, ՀՀԿ-ական մեծամասնությամբ վեցերորդ Գումարման Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չէր ընտրել ՍԴ դատավորի պաշտոնում: Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ն մերժել էր դրանից հետո ՀՀ նախագահի ներկայացրած բոլոր թեկնածուներին: