6 հունիսի 2019 - 11:23 AMT
Լավրով. ԱՄՆ-ն առաջարկել էր ևս մեկ հանրաքվե անցկացնել Ղրիմում

2014-ի ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջարկել է Մոսկվային նոր հանրաքվե անցկացնել Ղրիմի ճակատագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

«Ամեն ինչ հասկանալի է: Ամեն ինչ կատարվել է այնպես, ինչպես ցանկացել է Ղրիմի ժողովուրդը: Բայց ընդունված կարգը պահպանելու համար ևս մեկ հանրաքվե անցկացրեք»,-ասել է ամերիկացի դիվանագետը Լավրովին:

Սակայն այդ առաջարկը Մոսկվայում անտեղի են համարել. «Որ ի՞նչ: Եթե ձեզ ամեն ինչ հասկանալի է, ինչ իմաստ ունի մարդկանց ևս մեկ անգամ ինչ-որ հանրաքվեի տանել»:

«Հուսով եմ, Ջոնը չի նեղանա»,-հավելել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարն իր հուշերում նույնպես որոշ գաղտնիքներ է հրապարակել իրենց խոսակցությունից: