19 սեպտեմբերի 2008 - 16:01 AMT
Ղարաբաղյան գործընթացին նպաստելու համար Անկարան կարող է օգտագործել իր ազդեցությունը Բաքվի վրա
Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգարվորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա եւ այդ ձեւաչափում: «Կարծում եմ այսօր լավ նախադրյալներ կան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար, ինչը բոլոր երկրների համար տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել»,-նշել է Է.Նալբանդյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ Հայաստանին օգնել հանդես գալ ավելի ճկուն դիրքերից` ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերումներին, ապա ամենայն հավանականությամբ, պարոն Բրայզան, սխալմամբ Ադրբեջանի փոխարեն օգտագործել է Հայաստանի անունը, քանզի Թուրքիան իր ազդեցությունը կարող է օգտագործել Ադրբեջանի դիրքորոշումը առավել ճկուն դարձնելու համար, ելնելով այն իրողությունից, որ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ղեկավարները բնութագրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմիցս այն բնորոշել են «մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւով: Եւ այդ ենթատեքստում խոսել Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր ազդեցության մասին, կարծում եմ, ակնհայտ չափազանցություն է»: