Խաչատուրյան քույրերի քրգործը. Նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում

Խաչատուրյան քույրերի քրգործը. Նրանց 8-20 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում քննությունը մեղադրանք է ներկայացրել Խաչատուրյան քույրերին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին, նախնական պայմանավորվածությամբ սպանելու մեջ:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը:

Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»,-գրում է Meduza-ն:

Միխայիլ Խաչատուրյանն ապրում էր դստրերի՝ Մարիայի, Անգելինայի և Քրիստինայի հետ նրանց մորից առանձին, երեք սենյականոց բնակարանում: Մայրը հեռացել էր ընտանիքից մոտ 7 ամիս առաջ: Քույրերը նաև ավագ եղբայր ունեն, որն առանձին է ապրում:

Ընտանիքը բարեհաջող և ապահով ընտանիքի տպավորություն է թողել, հայրը խիստ էր ու բարեպաշտ, սակայն, ինչպես պատմել են աղջիկների ծանոթները «Կոմսոմոլսկայա պրավդային», իրականում Միխայիլ Խաչատուրյանը կապված է եղել քրեական աշխարհի և թմրանյութերի առևտրի հետ: Նա պարբերաբար ծեծել է աղջիկներին, ահաբեկել նրանց, որոշ տվյալներով, նույիսկ բռնաբարել:

Վարկածներից մեկով, աղջիկները վաղուց և մանրակրկիտ կերպով ծրագրել էին հոր սպանությունը, մեկ այլ վարկածով՝ Խաչատուրյանն ինքն է հարձակվել աղջիկների վրա թմրանյութերի ազդեցության տակ, որից եհոտ նրանք, արդեն պաշտպանվելով, խլել են նրանից դանակն ու սպանել: Սպանությունից հետո ավագ դուստրը ինքն է զանգահարել ոստիկանություն և ասել, թե հայրը վնասել է իրեն: Նրան հոսպիտալացրել են ազդրի կտրած վերքով և սալջարդերով:

Բնակարանի խուզարկության ժամանակ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել՝ որսորդական հրացան իր փամփուշտներով, արբալետ, մի քանի օդամղիչ, ազդանշանային, գազի ատրճանակներ:

Սեպտեմբերին Բասմանի շրջանի դատարանն ազատեց քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ խափանման նոր միջոց կիրառվեց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման: Նրանց արգելվել է նաև լքեր բնակավայրը գիշերային ժամերին առանց քննիչի թույլտվության, շփվել քրգործով մասնակիցների հետ, բացի պաշտպաններից: Ինչպես հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, աղջիկներին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում: Ըստ Պետրենկոյի, քննիչները բոլոր միջոցները ձեռնարկել են, պարզելու համար մեղմացուցիչ հանգամանքները, այդ թվում նշանակվել են հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություններ:

«Փորձաքննությունների արդյունքում պարզվել է աղջիկների հոգեկան վիճակը, ընդ որում քույրերից 2-ը սպանության պահին կարող էին գիտակցել կատարվող գործողությունների փաստացի բնույթն ու ղեկավարել դրանք»,-հավելել է նա:

Հոր գործողություններին նույնպես կտրվի բազմակողմանի իրավական գնահատական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---