Ցույցեր, միասեռականների շքերթ ու ռեյվ. Թբիլիսիում թեժ է լինելու

Ցույցեր, միասեռականների շքերթ ու ռեյվ. Թբիլիսիում թեժ է լինելու

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի երեկոյան Թբիլիսիում բողոքի ցույց է սկսվել խորհրդարանի շենքի մոտ: Առիթ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանին: Ցուցարարները դեմ են հանդես եկել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և այրել են նրա դրոշը: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և ռետինե փամփուշտներով կրակոցների օգնությամբ:

Ավելի ուշ վրացական ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են բողոքի նոր ակցիա անցկացնել հունիսի 21-ի երեկոյան: Բացի այդ, հունիսի 21-ին մեկնարկում է Tbilisi Open Air փառատոնը, որի շրջանակում 4 հարթակում ավելի քան 60 երաժիշտ հանդես կգա տարբեր երկրներից: Փառատոնը կտևի մինչև հունիսի 23-ը:

Tbilisi Open Air 2019-ը կանցնի Lisi Wonderland-ում:

Իսկ հունիսի 19-ին մեկնարկել է «Թբիլիսի փրայդ» միջոցառումների շարքը, որոնք նվիրված են սեռական և գենդերային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց ծնողներին: Հունիսի 22-ին Թբիլիսիում առաջին անգամ երթ է անցկացվելու, որին նախատեսվում է ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների ու աջակիցների, ընտանիքների անդամների ու ընկերների, Եվրամիության և հարևան երկրների քաղաքացիների մասնակցություն:

Ըստ «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչների, վերջին օրերին կազմակերպիչ թիմը բարդ իրավիճակում է հայտնվել: «Ոչ ֆորմալ ավազակային խմբերը, որոնք մտադիր են պարեկել Թբիլիսիի փողոցները, մեզ հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու նպատակով, սպառնալիք են ոչ միայն մեզ և ԼԳԲՏ հանրության, այլ նաև բոլոր նրանց համար, որոնց ագրեսիվ տրամադրված քաղաքացիները «այլ» կհամարեն: Մենք մտադիր ենք ստիպել իշխանություններին պաշտպանել մարդու իրավուքները և կատարել Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունները»,-ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ: :

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---