2017-18-ին ավելի քան 44,000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. Քրգործ կա![]() 16 հուլիսի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ հանրապետության տարածքում 2017-2018-ին կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, հարուցվել է քրեական գործ: Դրա ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից: Պարզվել է, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 2002 թվականի որոշումներով սահմանվել են գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019-ի հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված: Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել: Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019-ի հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել մոտ 11.550 կգ` ընդհանուր մոտ 5.6 մլն դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ: Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017-ի դեկտեմբերի 6-ին 4.8 մլն դրամով ձեռք է բերել 10,000 կգ սիգ ձկնատեսակ: Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018-ին մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել մոտ 14,876 կգ ապխտած սիգ ձուկ: Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ: Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |