ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իջևանում հուլիսի 17-ի լույս 18-ին գիշերն ապօրինի ծառահատումների թույլտվություն պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև բախմանը:
Վարչապետը գրել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:
«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ Իջևանում ապօրինի ծառահատումները թույլատրելու պահանջով միջպետական ճանապարհ է փակվել: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը:
«Իջևանի ճանապարհը բաց է։ Դա տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում։ Բանակցությունների, բայց ոչ՝ օրենքին հակասող որևէ խոստման», - ասել է մարզպետը։