1 օգոստոսի 2019 - 15:00 AMT
ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ որոշումների համար դատավորները պատասխանատվության կենթարկվեն

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում պատասխանատվության կենթարկվեն դատավորները:

Նախարարը նշել է, որ միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա:

«Սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՝ ոչ»,- մանրամասնել է նա:

Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը նշել է, որ նախագծի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն: