Նախագիծ․ Պատվովճարներ և բժշկական արտոնություն՝ Մեծ հայրենականի թիկունքայիններին

Նախագիծ․ Պատվովճարներ և բժշկական արտոնություն՝ Մեծ հայրենականի թիկունքայիններին

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թիկունքում ծառայած վետերաններին տրամադրել ամենամսյա պատվովճար, պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն, այդ թվում՝ արժեքի 50 տոկոս զեղչով դեղեր։

Առաջարկվող արտոնություններից կօգտվի մոտ 1000 թիկունքային։ Այս նախագծով ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք (թիկունքայիններ) հասկացությունները։ Բացի այդ, օրինագծով կամրագրվի նրանց՝ քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը, որը սահմանված է Կառավարության 1997թ.-ի որոշմամբ:

«Թիկունքայինները, փաստացի, ՀՀ գործող օրենսդրության համաձայն, բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելը, այլ արտոնությունից չեն օգտվում, ուստի սույն նախագծի ընդունման արդյունքում ամենամսյա պատվովճարի տրամադրումը կլինի ինչպես զգալի նյութական, այնպես էլ բարոյական աջակցություն այդ մարդկանց համար»,- հայտնել է նախարարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ եթե Կառավարությունը պայմանականորեն պարգևավճարի չափը սահմանի ամիսը 50.000 դրամ, պետական բյուջեում կառաջանա տարեկան 600 մլն դրամ ծախս։

«Նախագծով սահմանվող մյուս (անվճար բժշկական օգնություն, արժեքի 50% զեղչով դեղերի ձեռքբերում) իրավունքների իրացման համար անհրաժեշտ ծախսերը հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ նշված կատեգորիային պատկանող անձինք հիմնականում ունեն նաև այլ կարգավիճակներ (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձ, զոհված զինծառայողի ընտանիք և այլն), ինչը ենթադրում է, որ նրանք արդեն իսկ օգտվում են նշված արտոնություններից և բացի այդ, կանխատեսել բժշկական հաստատություններ դիմողների հստակ թիվը, հնարավոր չէ»,- նախագծում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ավելի վաղ Սոցապը Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր է տրամադրել։

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին