// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գործադիրը պարզեցնում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

Գործադիրը պարզեցնում է  ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթի, որի նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է:

Նախագծում նշվում է, որ օրենսգրքով կարգավորված չէ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման նպատակով դիմումի ներկայացման և որոշում ընդունելու ժամկետները:

Վերջիններիս սահմանված չլինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել տվյալ իրավունքի ժամկետի լրանալուց հետո կամ ժամկետի երկարաձգման դիմումը կարող է ներկայացվել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի լրանալուց հետո, ինչը հակասում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ պարբերություններին, ինչպես նաև Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասին` համաձայն որի իրավունքը կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածների համար:

Նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը: Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականությունները:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով կարգավորված չեն նաև տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման ժամանակ իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի հետագա օգտագործման իրավահարաբերությունները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի իրավաբանական անձին հնարավորություն ընձեռվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը:

Իսկ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադրման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը»,- ասված է նախագծում։

Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը:

«Քանի որ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների համաձայն և 2003թ. հոկտեմբերի 3-ի ՀՀ վիճակագրության պետական խորհրդի «Վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների՝ պետական մարմիններն իրականացնում են ճյուղային (գերատեսչական) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով, իսկ վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունեն ստանալ վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ իրավաբանական անձանցից, պետական հիմնարկներից և անհատ ձեռնարկատերերից: Ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց կողմից վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման՝ որպես պարտականություն սահմանված չէ, իսկ վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման համար ընդերքօգտագործողների կողմից հաշվետվությունները ներկայացվում է կամայականորեն: Ուստի ընդերքօգտագործման ոլորտում վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը ապահովելու համար անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարտավորությունների չկատարման դեպքում ընդերքօգտագործողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթներ»,- նշված է նախագծում։

Օրենքը կպարզեցնի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

 Ուշագրավ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի