ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Դրանով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղղություններից բխող որոշակի գործողություններ։
Անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:
Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ, դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին, ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը, ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:
1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:
Սահմանադրական բարեփոխումների անցկացում
Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:
2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:
Ընտրական օրենսդրության բարեփոխում
Որպես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո[3] անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:
Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում
Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում, բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, Կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգի բարելավում, դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի ամբողջական հայտարարագրում:
Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ
Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում: