29 օգոստոսի 2019 - 18:20 AMT
Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման մասնակիցները թոշակ կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը շրջանառության մեջ է դրել Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանության վերաբերյալ նախագիծ։

Դրանով մասնավորապես սոցիալական երաշխիքներ են սահմանվում նաև այն քաղաքացիական անձանց համար, որոնք Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով։ Նշվում է, որ մինչև այժմ այս խմբին պատկանող անձինք դուրս էին մնացել իրավական կարգավորումներից:

Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:

1986-ի ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնածին աղետներից մեկն էր: Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ՀԽՍՀ-ի մասնակցել է 3000 հոգի, նրանցից 400-ը մահացել են, 1600-ից ավելին դարձել հաշմանդամություն ունեցող անձինք։