Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» կարգախոսի ներքո։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
5 գլխավոր զեկուցողներն են լինելու Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։
Քննարկումներին մասնակցելու են նաև ամերիկյան ռեալիթի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, CNN հեռուստաընկերության հաղորդավար Ռիչարդ Քուեսթը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստիդեսը, Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի նորամուծությունն է լինելու Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20.00-ին, կայանալիք համերգը, որն իր տեսակով առաջինն է լինելու աշխարհում։ Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Նվագախմբի հետ հանդես է գալու նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Համերգը բաց է բոլորի համար։