4 հոկտեմբերի 2019 - 17:08 AMT
Մոսկվայում պարեկային աշխատանքներ կանեն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ

Սեպտեմբերի վերջին մոսկովյան քաղաքային իշխանությունները տենդեր են հայտարարել՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ քաղաքում վիդեոմոնիթորինգ անելու համար: Այս մասին հայտնել է baza.io-ն:

Մեկամյա պայմանագրի համար Մոսկվայի ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտը պատրաստ է 60 մլն ռուբլի տրամադրել: Նշված գումարով պոտենցիալ կապալառուն պետք է ապահովի քաղաքի ենթակառուցվածքների վիդեոնկարահանումը դրոնի օգնությամբ:

Ըստ նախագծի՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչները կապալառուին հատուկ պատվերով խնդրում են նկարահանել այս կամ այն շինությունը՝ նշելով նկարահանման կոնկրետ ժամանակը: Արդյունքները նախատեսվում է հրապարակել հատուկ web-պորտալում:

Ընդհանուր առմամբ՝ դրոնով քաղաքում մոնիթորինգ իրականացնելու նախագիծը դրական է գնահատվել փորձագետների կողմից, բայց նաև նշվում է, որ քաղաքային իշխանությունը կարող էր խնայել, եթե նախատեսեր աշխատել ԱԹՍ-երով, որոնք օպերատոր չեն պահանջում: