Արամյան. Գնում ենք 2002-2008 թթ ուղղությամբ, երբ առաջնորդող էր տնտեսության ոչ արտահանելի հատվածը

Արամյան. Գնում ենք 2002-2008 թթ ուղղությամբ, երբ առաջնորդող էր տնտեսության ոչ արտահանելի հատվածը

PanARMENIAN.Net - Բնակարանային շինարարությանն էապես նպաստող ծրագրերը պետք է վերաիմաստավորվեն և պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի: Հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ մենք գնում ենք այն ուղղությամբ, որն ունեցել ենք 2002-2008 թվականներին, երբ առաջնորդող էր ոչ արտահանելի հատվածը:

«Այսօր այդ ոլորտում բում է տեղի ունենում: Մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը և հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետև մենք այսօրվա դրությամբ ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը»,- 24news.am հաղորդմամբ, ասել է Արամյանը:

Ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է, հասարակության որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց դա ճիշտ քայլ է: «Ես առաջարկում եմ՝ դրան տալ սոցիալական բնույթ: Առաջարկում եմ, որ մենք թիրախավորենք խիստ կարիքավորներին: Ցանկացած գործիք, որ կիրառում ես, պետք է ունենա կամ սոցիալական բաղադրիչ, կամ տնտեսական: Այդ երկուսը իրար հակասում են»,- ասել է Արամյանը:

Վարդան Արամյանի խոսքով՝ սկզբում, երբ ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը տասնապատկվել է՝ մոտենալով 8 մլրդ դրամի:

Ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ 55 մլն դրամի շեմը, որ դրված է այդ գործիքի հիմքում, շատ բարձր է, քանի որ կարճաժամկետ առումով օժանդակում են մարդկանց, բայց երկարաժամկետ առումով խնդիրներ կլինեն: Նա հավելել է, որ բնակարանաշինությանը սոցիալական բաղադրիչ տալը՝ պետք է համադրելի լինի «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, այսինքն՝ շեմը պետք է նվազի: Իսկ սրան տնտեսական բաղադրիչ տալով խթանվում է ոչ արտահանելի հատվածը, այնինչ, իր կարծիքով, տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի արտահանմանը:

Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է շուրջ 5․45 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով։ Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

 Ուշագրավ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի