Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»

Բոլոր նոր ավիաուղղություններն ազատվելու են «օդի տուրքից»

PanARMENIAN.Net - Վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկած ուղղություններով չվերթ բացող թռիչքներից «օդի տուրք» (оդային տրանսպորտով ֆիզանձանց 10 հազար դրամ պետտուրքից՝ խմբ․) չի գանձվի: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս որոշումը վերաբերում է առանց բացառության բոլոր ավիաընկերություններին: Վարչապետի խոսքով՝ այս փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում և զարգացում՝ տուրիզմի ոլորտում:

Նիստի ընթացքում Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստան մուտք գործող Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջարկած ուղղություններին և գնային քաղաքականությանը՝ այդ մասին հարցեր ուղղելով փոխվարչապետ Տիգրան Ավինայնին:

Ավինյանը նշել է, որ Երևանից 3 ուղղություն է բացվել դեպի Բեռլին, Հռոմ և Միլան, ևս ևս մեկը Գյումրիից դեպի Մյունխենի մոտակայքում գտնվող Մենինգեմ քաղաք:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանից 4 ուղղությամբ ունենալու ենք թռիչքներ, ընկերության գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս հասանելի լինեն տոմսերը»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ բյուջետային համարվող ավիաընկերությունից օգտվելու դեպքում հավելյալ գումար վճարելով կարելի է օդանավում սնունդ ստանալ, ինչպես նաև ավելացնել ուղեբեռ:

Փաշինյանը կարևորել է Ryanair-ի մուտքը Հայաստան՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ դեր են ունեցել ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ ընկերությունը: Վարչապետը նշել է, որ այս փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացիների, սպառողի և տնտեսության, որովհետև տուրիզմը դրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու:

Հոկտեմբերի 16-ին Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը Երևանում մանրամասներ էր ներկայացրել հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին: 2020 թվականից իռլանդական լոուքոսթերը կսկսի թռիչքներ Հայաստանից:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի