Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ Նաիրի Հունանյանը խնդրել է իրեն վաղաժամկետ ազատ արձակել

Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ Նաիրի Հունանյանը խնդրել է իրեն վաղաժամկետ ազատ արձակել

PanARMENIAN.Net - «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է 24News-ը:

Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։

«Դատապարտյալը դիմում է քրեակատարողական ծառայությանը, քրեակատարողական ծառայությունն էլ տեղաբաշխման հանձնաժողովի նիստ է կազմում, և այդ նիստի ժամանակ քննարկվում է դիմումը։ Դրանից զատ «պրոբացիան» է եզրակացությունը կազմում և տալիս», - նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։

«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - եզրափակել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասել է, որ Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, հայտնում է Aysor.am-ը։

Նոնա Նավիկյանը նշել է, որ Հունանյանի դիմումին պատասխան կտրվի 80-օրյա ժամկետում, այսինքն մինչև դեկտեմբերի 1-ը:

1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---