«Էմոները կործանում են Հայաստանը». Ինչ էր «սպառնում» երկրին տարիներ առաջ և ուր է դա հիմա

«Էմոները կործանում են Հայաստանը». Ինչ էր «սպառնում» երկրին տարիներ առաջ և ուր է դա հիմա

PanARMENIAN.Net - Հայաստանի գոյությանը պարբերաբար «սպառնում է» ամեն ինչ՝ բացի կրթության ցածր որակից։ Այսօր գոյությանը սպառնում են գեյերն ու սատանիստները, իսկ, օրինակ, 10 տարի առաջ Հայաստանում պայքարում, ցույցեր էին իրականացնում ընդդեմ էմոների: Այն ժամանակ վարկած կար, որ նրանք են փչացնում հայկական արժեհամակարգը, հարիր չեն հայ ազգին: 2010-ին այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Հրապարակ» թերթին ասել էր՝ «էմոները կխախտեն մեր գենոֆոնդը»: Նույն թվականին ոստիկանության վետերանները՝ հատուկ նշանակության ջոկատի նախկին ոստիկանները ցույց էին իրականացնում՝ ընդդեմ էմոների:

Այդ շրջանում սև ներկված եղունգներով, մազերի ոչ ստանդարտ կտրվածքով կամ անգամ պատռված ջինս հագած մարդիկ հայտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում, տեղափոխվում բաժին, հարցաքննվում: 2010 թվականի նոյեմբերի 19-ին, օրինակ, 9 աղջիկ Սարյան փողոցից տարվել էին ոստիկանության բաժին, քանի որ կասկածվել էին էմո լինելու մեջ: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ Աշոտ Կարապետյանն այն ժամանակ ասել էր, որ եթե աղջիկները էմո են, «ճիշտ են արել, որ հրավիրել են, եթե նման բան կա, ուրեմն խրախուսելի ա»:

Աշոտ Կարապետյանն, ի դեպ, «աչքի ընկավ» տարիներ անց՝ 2016-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում ոստիկանների կողմից ցույցը ցրելու ու բնակիչներին ծեծելով ուղղորդված իրադարձությունների ժամանակ, դեպքերից 3 օր անց այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատեց պաշտոնից: Իսկ ՄԻԵԴ՝ 2012-ին հրապարակված վճռով՝ Կարապետյանի անունը կապվում էր նաև ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի խոշտանգման դեպքի հետ: Այդ վճիռը և ոստիկանության պաշտոնյա Ա.Կ-ի կողմից դաժան ծեծի ենթարկվելու մասին վկայությունները Հայաստանին պարտավորեցրին ակտիվիստին վճարել €31.000 տուգանք:

Էմոների ենթամշակույթը Հայաստանում սկսել էր ակտիվանալ 2004-ից, պատանիների շրջանում որոշակի տարածվելուց հետո այս ենթամշակույթի հանդեպ հետաքրքրությունը սկսեց նվազել ու մարել: Ըստ էության, դեպքերի մեծամասնությունում, գոթերի ու էմոների ենթամշակույթի հանդեպ հետաքրքրությունը պատանիների ու երիտասրադների մոտ դրսևորվում էր ավելի շատ արտաքին տեսքով, այլ ոչ գաղափարապես: Նրանք ավելի շատ վարդագույն ու սև հագուստներ, տարբեր զարդեր էին կրում, քան արյուն խմում և ինքնասպան լինում:

Էմոների հանդեպ վախի և հանրային դժգոհությունների պատճառներից մեկը հենց այն էր, թե նրանք, ըստ տեղեկությունների, հակված են ինքնասպանության: Ոստիկանությունը մարդկանց բաժին տեղափոխելու դեպքում ևս հենց այս պատճառաբանությունն էր բերում՝ կանխել հնարավոր ինքնասպանությունների դեպքերը:

2010-ից ակտիվացան խոսակցությունները նաև գոթերի ենթամշակույթի և երկրին դրանց հասցրած վտանգների մասին: Այդ ժամանակ «կասկածելի» արտաքինը կարող էր նաև գոթերի ենթամշակույթին հարելու պատճառ լինել: Գոթերին բնորոշ սև հագուկապով, սև ներկված եղունգներով և արտաքին այլ նշաններով մարդիկ, որոնք կասկածելի էին թվում, հայտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում: 2011-ին, օրինակ, ոստիկանության Գյումրու անչափահասների հարցերով բաժնի պետ Հայկ Զաքարյանը նշում էր, որ «քաղաքում բացառել են այսպես կոչված՝ էմոների և գոթերի խմբավորումների գոյությունը», թե ինչ մեթոդներով՝ չէր նշվում:

Էմոների և գոթերի ենթամշակույթի հանդեպ 10 տարի առաջվա վերաբերմունքն ինչ-որ առումով նման է ներկայիս «սատանիստների» (ում մասին բոլորը լսել են, բայց ոչ ոք չի տեսել) հանդեպ վերաբերմունքին: Ըստ էության, այն ժամանակ ևս յուրաքանչյուր նոր, անսովոր բան, որը «կասկածելի» էր թվում, վերագրվում էր էմո կամ գոթ լինելուն: Երևույթը, մեծ հաշվով, կարող էր ոչ մի առնչություն չունենալ բուն էմոների, գոթերի կամ իրենց ենթամշակույթի հետ, սակայն արտաքինում որոշակի, այն ժամանակվա համար ոչ ստանդարտ գծերը կարող էին անձի հանդեպ վերաբերմունք պայմանավորել և գործողությունների դրդել:

Սակայն որոշ ժամանակ անց էմոների ու գոթերի հանդեպ «ագրեսիվ հետաքրքրությունը» նվազեց, հասարակությունն էլ «Հայաստանը կործանող» մի այլ վտանգ գտավ։ Հիմա հասարակության մեկ այլ շերտ արժեքային համակարգում վտանգ է տեսնում սատանիստներից: Կրկին նույն սկզբունքով՝ եթե պետք է որևէ անծանոթ բանի անուն տալ, ապա կոչենք «սատանիզմ»:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ էմոների հետ․ կարճ ժամանակ անց շարժումները մարեցին, ինչպես մարում է ցանկացած երիտասարդական շարժում․ ջահելները «զավզակացան» ու հոգնեցին, Հայաստանն այդպես էլ չկործանվեց, իսկ լուրջ դեմքերով մարդիկ ավելորդ էներգիա ծախսեցին մի բանի վրա, որը մարեց առանց իրենց ջանքերի։ Այսպես է եղել էմոների և գոթերի, ավելի վաղ՝ հիփփիների ու բիտնիկների հետ, և այսպես է լինելու ապագա բոլոր շարժումների հետ, այդ թվում նաև, կարծես թե, միայն առավել լուրջ դեմքով մարդկանց երևակայության մեջ գոյություն ունեցող սատանիստների։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ