Փաշինյան.Իտալիայի վարչապետ Կոնտեի հետ ունեցանք բովանդակալից բանակցություններ![]() 23 նոյեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բովանդակալից և արդյունավետ է գնահատել բանակցությունները Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել է, որ այդ բանակցությունները ևս մեկ անգամ փաստել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից 2019-ի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։ Գործընկերոջս տեղեկացրեցի երեկ Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին: Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում: Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020 թ. հունվարից Ryanair ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում: Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում», ասել է ՀՀ նախագահը։ Փաշինյանը գործընկերոջս ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է: Մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի շուրջ, Փաշինյանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ: Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։ Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով։ Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |