2 դեկտեմբերի 2019 - 11:17 AMT
«Սիմենսը» կուսումնասիրի ՀՀ հետ գործակցության հնարավորությունները

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ «Սիմենսը», կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել «Սիմենսի» նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։