Մարտի 1-ի գործով դատավարությունը կընդհատվի. Դատավորն արձակուրդ է գնում

Մարտի 1-ի գործով դատավարությունը կընդհատվի. Դատավորն արձակուրդ է գնում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի: Այդ մասին դատավոր Աննա Դանիբեկյանն հայտարարել է դատական նիստում՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։

Աննա Դանիբեկյանն ասել է, որ այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020-ի հունվարի առաջին աշխատանքային օրերին, հայտնում է Aysor.am-ը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ մինչ դատավորի արձակուրդ գնալը, պետք է հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։

Նա կոչ է արել այս շաբաթ ևս մեկ դատական նիստը նշանակել, սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկել են։

Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպաններին կոչ է արել դեկտեմբերի 3-ի դատական նիստի ընթացքում պատրաստել միջնորդությունը։

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները