Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Գյումրիում տուն գնել և ապրել այնտեղ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Գյումրիում տուն գնել և ապրել այնտեղ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժի տարելիցին Գյումրի այցի ժամանակ նշել է, որ ցանկանում է տուն գնել և ապրել այնտեղ: Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:

«Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց և իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձավ ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ մնամ այստեղ»,-պատմել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ ժամանակն է, որ միասնաբար վերականգնվի աղետի գոտու քաղաքները:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, նախագահ Սարգսյանը նշել է, որ չպետք է նաև մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը և մեր ազգային ազատագրական շարժումը։

«Հիմա մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Ես փորձում եմ մեր բոլոր հայրենակիցներին բացատրել, որ Հայաստանը միայն Երևանը չէ։ Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյուրմրի, որ յուրաքանչյուր հայ՝ արտասահմանում հանգիստը և Ամանորը անցկացնելու փոխարեն գա Գյումրի։ Գյումրին առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք, և՛ ամեն ինչ։ Եկեք կառուցողական մոտենանք հարցին, որպեսզի սրանից ևս տասը տարի հետո չասենք, թե ինչու չարեցինք»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---