ԱՄՆ-ն ու Իրանը վերջին օրերին գաղտնի բանակցություններ են վարել Թեհրանում Շվեցարիայի դեսպանատան միջոցով, հայտնում են Wall Street Journal-ի աղբյուրները, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Ըստ դրանց` իրանցիներն իրենց առաջին հաղորդագրությունը ստացել են Բաղդադի միջազգային օդանավակայանում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից մի քանի ժամ անց: Դրանով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի իշխանություններից պահանջել է հրաժարվել հակամարտության սրումից: Ավելի ուշ իրանցիներն իրենք էլ են օգտվել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդակցվելու ուղուց՝ իրենց դիրքորոշումը Սպիտակ տանը բացատրելու համար։
Շվեյցարացի դիվանագետները պարզաբանել են, որ հաղորդագրությունները ֆաքսերի ձևով ուղարկվում են այնպիսի սարքի, որին դեսպանատնից մուտք ունեն միայն մի քանի մարդ, ապա դիվանագիտական ուղիներով շվեյցարացիները հաղորդագրությունները փոխանցում են շահագրգիռ կողմերին:
Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռակոծման արդյունքում սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտնել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։