11 հունվարի 2020 - 11:57 AMT
«Կենտրոն» հ/ը լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքով կասկածյալ կա

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքով կասկածյալ կա, նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` դեպքի առթիվ ոստիկանությունում քրգործ կա՝ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով):

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը առերևույթ խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1966 թվականին: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2019-ի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: