Երբ ամբոխը թաղում է երկրի երեխային

Երբ ամբոխը թաղում է երկրի երեխային

PanARMENIAN.Net - Ամեն գնով փորձում էինք խուսափել երեխայի սպանության թեմայով տող անգամ գրելուց: Հեռու պահեցինք ընթերցողին մանրամասներից, չհայտնեցինք այդ մասին սոցցանցերում՝ եղկելի մեկնաբանություններ չկարդալու, ականատես չդառնալու ու հարազատներին դրանց մաս չդարձնելու համար, չկառուցեցինք սպանության վարկածներ ու չհետաքրքրվեցինք այլոց կարծիքով՝ շատ լավ հասկանալով, թե ինչ ծավալի «թրաֆիկ» ենք կորցնում ու վայրկյան անգամ դրա համար չփոշմանեցինք։ Սակայն այժմ՝ երբ վակխանալիայից հետո կրքերը հանդարտվեցին, ուզում ենք ուղղակի արտահայտվել։ Արտահայտվել մտածող մարդկանց համար այն մասին, թե ինչպես և ինչու ստացվեց այն, ինչ ստացվեց:

Նիկոլայ

Ամբոխի գռեհիկ ու եղկելի քննարկումները դժբախտության մասին ինձ ընդհանրապես չեն զարմացրել, դրան վաղուց է գնում։ Երբ «Ճանճերի տիրակալում» քարով խփում էին թույլին ու խփողին կանգնեցնող չկար, արդյունքում անհասկանալի դարձավ՝ իսկ էդ ինչո՞ւ չի կարելի քարով թույլին սպանել։ Հայկական ամբոխի հետ տեղի է ունենում նույնը՝ ընդամենը հրապարակավ անում է ինչ-որ բաներ, որոնք վաղուց ամոթ չի անել նեղ շրջապատում։ Սկզբից օֆֆլայն՝ ընկերներով թե հարևանուհիներով ամոթ չի դառնում լուրերից պատահած անծանոթ մարդկանց մասին ստեր հորինելը, հետո այդ ստերով կամ անգամ չհորինած «հանցագործություններով» սպանությունն արդարացնելու իրար մեջ բամբասելն ու քննիչ խաղալը։ Հետո, երբ ձեռքդ հեռախոս է ընկնում, նույն բանը, ինչ անում էիր հարևաններիդ շրջապատում, անում ես Ֆեյսբուքում։ Հա ի՞նչ կա որ, թող մայրն էլ էդ ամենը կարդա։ Կրկնում եմ՝ եթե մարդ մի բան չի ամաչում անել նեղ շրջապատում, շուտ թե ուշ կդադարի ամաչել անել դա հանրային վայրում։

Ինչն էր ինձ համար զարմանալին՝ աղջկա ընկերուհիներից կամ հարազատներից ոմանց սոցցանցային արձագանքը։ Տեսա ինչ-որ ռուսական շանսոնի հնչյունների ներքո արված հեկեկանքի վիդեոսելֆիներ, որոնք հազարավոր լայքեր էին հավաքում նախկինում արվածների տասնյակների դիմաց․ մեկը հազար անգամ հավանեցին՝ հո՛պ, նկարվում է երկրորդը, երրորդը․․․ թեև իմ գործը չէ, ով ինչպես է ողբում, բայց մի այլ հակաութոպիայի՝ Black Mirror-ի «լայքեր» հավաքելու մասին պատմող դրվագն աչքերիս առաջ եկավ, և զուգահեռը շատ մռայլ է։

Քրիստինա

Այդ՝ (օնլայն-ողբալու) երևույթը, հավանաբար, ունի նաև որոշակի մշակութաբանական աղերսներ՝ համեմված նորագույն տեխնոլոգիաների փաթեթավորմամբ: Հանգուցյալին սգալու հատուկ ծիսակարգեր կային դեռևս վաղ անցյալում: Իսկ մի շարք երկրներում նույնիսկ հատուկ վարձկան ողբասաց կանանց էին վարձում, ինչն ընդունված էր նաև հայերի շրջանում: Ողբասացներին ուղեկցում էին ձայնարկու կամ լալկան կանայք, որոնք տարբեր արտահայտչամիջոցներ են գործածել սուգն ավելի պատկերավոր դարձնելու համար՝ լաց, կոծ, աղաղակ, մազերը փետել և այլն: Այդ երևույթը նախաքրիստոնեական շրջանից հասել է նորագույն ժամանակներ: Օրինակ, Թիֆլիսում դեռևս 19 դարի վերջում և 20-րդ դարի սկզբում տարածված էր հուղարկավորություններին տարբեր հարգի (2 կամ 3 մանեթանոց) լալկան կանանց հրավիրելու սովորույթը:

Յուլիաննա

Առողջ հասարակությունում սպանված 16 տարեկանի մայրը չպետք է ապացուցի, որ իր դուստրը կույս էր՝ խոստանալով «կոլոլել ու բոլոր կասկածողների բերանը մտցնել» դատաբժշկի եզրակացությունը: Որովհետև առողջ հասարակությունում չի համարվում, որ ոչ կույս չամուսնացած աղջիկը, թեկուզ՝ անչափահաս, արժանի է մահվան:

Մենք առողջ հասարակություն չունենք: Մեզ մոտ մարդիկ, հատկապես կանանց սպանությունների մասին լսելուց, նախևառաջ հարցնում են՝ «ի՞նչ ա արել որ», և փորձում են գտնել սպանությունն արդարացնող պատճառներ՝ տղամարդուն հակաճառելուց մինչև համարձակ հագուկապ ու պահվածք:

Բացառություն չէր նաև հունվարի 5-ին սպանված Սառայի դեպքը: Մարդիկ քննարկեցին ամեն ինչ՝ Սայաթ-Նովայում վարձած բնակարանում աղջկա միայնակ գտնվելուց մինչև հնարավոր սիրային կապ սպանողի հետ: Չէ՞ որ «հենց այնպես, առանց պատճառի» ոչ մեկ չէր սպանի աղջկան, ուրեմն «մի բան արել ա»:

Առավել «գրագետները» հոգատարությամբ խորհուրդ էին տալիս «չհետևել Սառայի օրինակին»՝ առանց հստակ իմանալու՝ ինչ կյանքով է նա ապրել: Առավել անառողջ հետաքրքրասիրությամբ տառապողները նույնիսկ գտան սպանված աղջկա ինստագրամյան էջն ու հենց այնտեղ սկսեցին քննարկել նրա կյանքը, այդ թվում՝ սեռական:

Սպանված աղջկա հետևորդների թիվը մի քանի օրում ավելացավ ավելի քան 1000 «նեկրոֆիլով». այլ բառ հնարավոր չէ գտնել մահացածին հետևելու և նրա սեռական կյանքը քննարկելու մոլուցքով տառապող անձանց համար: Սառայի լուսանկարների տակ հարյուրավոր մեկնաբանություններ են ավելացել ու դեռ շարունակում են ավելանալ: Այնտեղ են նրան մեղադրողները, այդ մեղադրողներին մեղադրողները, մեղադրողներին մեղադրողներին հակաճառողները, նրա կասկածելի «ընկերները», անձնական նամակով սպանության պատճառը պատմել խոստացողները, «սեռական կյանքի» մանրամասները հաճույքով «ծամողները», սուրբ ձևացողները, բոլորովին անտեղյակներն ու պատահաբար հայտնված, բայց կեղտոտ մանրամասներն իմանալ ձգտողները... մարդկային դեգրադացիայի իսկական փառատոն:

Մանե

Երկար էի մտածում՝ նույնիսկ այս ֆորմատով արժե արդյոք ինչ-որ կերպ անդրադառնալ այս թեմային, թե՝ ոչ, բայց վերջը որոշեցի գրել: 10 տարուց ավելի առաջ, երբ դեռ առաջին կուրսում էի սովորում, մի համակուրսեցի ունեի: Բավականին կենսախինդ, արտաքնապես շփվող աղջիկ էր թվում, կուրսում հիմնականում 1-2 հոգու հետ էր շփվում, համալսարանում՝ տարբեր մարդկանց հետ: Արդեն չեմ հիշում՝ ամառային սեսսիայից առաջ էր, թե հետո, բայց մեկ էլ իմացանք, որ ինքնասպան է եղել. նետվել էր բարձրահարկից: Բոլորիս համար, իհարկե, լուրը շոկային էր: Համալսարանում սկսեցին տարբեր շշուկներ շրջանառվել. «նամակ է թողել», «անուններ է գրել», «ինչ-որ մարդկանց էր մեղադրում», «ինչ-որ մարդկանց չէր մեղադրում»… Շատ չխորանամ մանրամասների մեջ…

Այդ ժամանակ սոցցանցերը դեռ այսքան տարածված չէին, Instagram չունեինք, մեր համալսարանում էլ հիմնականում «ՎԿոնտակտե»-ից էին օգտվում: Բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ մտել էին էջը, ստուգել, թե որն էր եղել դեպքից 1-2 օր առաջ հրապարակած երգը, ինչ-որ տողատակեր / կապեր փնտրել, վարկածներ հորինել…

Երբ ասում են՝ սոցցանցերը / ինտերնետը / համակարգիչը չարիք են, հաճախ ծիծաղում ենք, բայց ինչպես ասում են՝ «в каждой шутке есть доля шутки» (թարգ.՝ «ամեն կատակի մեջ կատակի մի մաս կա»): Որ երկար ես մտածում՝ ցավալի ու ինչ-որ տեղ վախենալու է, որ այդքան անձնական տեղեկատվություն ենք հրապարակում: Հա, բոլորս: Բայց դա անելիս հիմնականում չենք էլ խորանում: Հազվադեպ մարդիկ են, որ աչալուրջ են այդ հարցում:

Շատ ենք խոսում այս օրերին սերունդների տարբերության մասին, բայց այստեղ, երևի, հարցն այդքան սերունդը չէ, որքան մարդկանց հետաքրքրասիրությունը: Չեմ դադարում զարմանալ, թե մարդու կյանքն ինչ աստիճանի անհետաքրքիր պետք է լինի, որ իրենը թողած այդաստիճան մանրամասն հետաքրքրվի բոլորովին անծանոթի կյանքով, առավել ևս այն դեպքում, երբ այդ մարդն այլևս էլ գոյություն էլ չունի…

Անահիտ

Եթե մարդու կենդանության օրոք օնլայն մեդիան, այդ թվում նաև սոցցանցերի օգտատերերը, մեծամասամբ չեն հարգում նրա մոռացված լինելու իրավունքը, ապա նույնն անհնար ու անիմաստ է պահանջել նաև մարդու մահից հետո:

Ողբերգությունը «հավերժացնելու», անձի լուսանկարն ու անունն անհարկի շրջանառելու, երրորդ անձի համար անհասանելի մնալու, մեռնողին հիշելու այս նոր ձևի դեմ պայքարող մոռացված լինելու իրավունքը թեմայից դուրս է մնում քիչ լայքեր «հավաքելու» և պակաս թրենդային լինելու պատճառով:

Լրատվական կայքերը, կարծես, չեն տարածել սպանված աղջկա ճանաչելի լուսանկարը, բայց սոցիալական հարթակներում նրա էջերին «մեկնաբանությունների գրոհը», լրատվականների հրապարակումների «մեկնաբանություններ» բաժնում նրա անձնական «էջերի հղումները», մտերիմների մի քանի վայրկյանանոց «երաժշտական հոլովակները», մեռնողի մասին սուբյեկտիվ մեկնաբանությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մնալ համացանցում, քանի դեռ ողջ են և հասանելի դրանց հեղինակները:

Ուղղակի ֆիքսենք՝ մեռնելուցդ հետո կյանքդ, անունդ, լուսանկարդ ու անձնական տվյալներդ ամենասիրելի հարազատներդ կամ ուղղակի ծանոթներդ շրջանառելու են արդեն իրենց ճաշակով:

 Ուշագրավ
Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով
Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ
Աբրահամյանը հավելել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ հանցավոր սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ