Թուրքիայում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողությունները

Թուրքիայում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողով է եղել, որտեղ քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողությունները:

Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և արտասահմանում շրջանառվող տեսակետները, հայտնում է Ermenihaber-ը:

Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտելու թուրք ժողովրդին: Դրա անդամները կարևորել են թեմային առնչվող «ապատեղեկատվության տարածումը» կանխելու և ճիշտ դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունները խոչընդոտելու քայլերը:

«Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,- ասված է Ալթունի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Դիտարկումը կիրականացվի հունվարի 16-ին
Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որը տեղեկացրել է վավերացումն ավարտելու մասին
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է նա
Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում