ՌԴ-ն Պերմյակովի գտնվելու վայրն անձնական տվյալ է համարել

ՌԴ-ն Պերմյակովի գտնվելու վայրն անձնական տվյալ է համարել

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գտնվելու վայրը, ինչպես նաև նրա պատժի կրման այլ մանրամասներն անձնական տվյալ են համարվում: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը՝ Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը մերժել է տեղեկատվություն տրամադրել Պերմյակովի վերաբերյալ՝ հղում անելով երկրի «Անձնական տվյալների մասին» օրենքին:

Լրատվամիջոցը խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե ՌԴ որ քրեակատարողական հիմնարկում է իր պատիժը կրում դատապարտյալը, նրա պատիժն ընդհանուր խստացված, թե հատուկ ռեժիմով է իրականացվում, նաև թե ինչպես է համապատասխան բուժանձնակազմը գնահատում նրա առողջական վիճակը:

Ըստ աղբյուրի՝ «Անձնական տվյալների մասին» ՌԴ օրենքում հատուկ նշում չկա դատապարտված անձանց վերաբերող տվյալների մասին, ինչպես նաև՝ թե արդյոք հարցադրումների պատասխանը կարող է դասվել «անձնական տվյալներ» տեսակին:

2019-ին ՀՀ արդարադատության նախարարությունը ևս դիմել է ՌԴ արդարադատության նախարարություն՝ Պերմյակովի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, բայց դեռ պատասխան չի ստացել:

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքին հենց իրենց տան մեջ:

2016-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու մեջ:

Այդ դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակում 2017-ի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998-ի Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվել էր Ռուսաստանի Դաշնությանը:

 Ուշագրավ
Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմից և Միլանից կիրականացվեն ուշացումներով
Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ
Աբրահամյանը հավելել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ հանցավոր սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ