ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլեւ Հայաստանի հանրապետության արեւելյան սահմանները
«Որպեսզի հայ հասարակության մեջ ասեկոսեներ չլինեն, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրենց դերերի եւ լիազորությունների հստակ բաժանում կատարեն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում: Ազատագրված տարածքների հարցը եւ մի շարք այլ խնդիրներ պետք է ԼՂՀ իշխանությունների իրավասության ոլորտում գտնվեն: Բացի այդ ամենից, տվյալ մոտեցումը կնպաստի ԼՂՀ սուբյեկտության ամրապնդմանը, առավել եւս, որ իրավական տեսակետից Ղարաբաղի բոլոր տարածքները, այդ թվում` ազատագրված, համաձայն Սահմանադրության` մեր հիմնական օրենքի, գտնվում են ԼՂՀ իրավասության ներքո»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է անկախ փորձագետ, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից այդ տարածքների հսկման փաստն արձանագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1993թ. ընդունված հայտնի բանաձեւերում: Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա այդ փաստաթղթերում պարունակվում է միայն Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչը` «շարունակել տարածել իր ազդեցությունը ղարաբաղյան տարածաշրջանի հայերի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձեւերի դրույթների պահպանման ապահովման նպատակով եւ Մինսկի խմբի առաջարկներն այդ կողմից ընդունելու համար»: «Ի շարունակություն իրավական թեմայի պետք է ասեմ, որ տվյալ փուլում նպատակահարմար կլիներ երկու հայկական պետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմական համագործակցության տակ պայմանագրա-իրավական հիմք դնել: Դա կվերացնի շատ հարցերի կարիքը, այդ թվում` կապված Հայաստանի կամավորների` ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու հետ: Ակնհայտ է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլեւ Հայաստանի հանրապետության արեւելյան սահմանները` Մռավյան լեռնաշղթայից հյուսիսում մինչեւ հայ-իրանական սահմանը հարավում: Համապատասխան ՀՀ-ԼՂՀ միջպետական համաձայնագրերում անհրաժեշտ է իրավաբանորեն ձեւակերպել Հայաստանի Հանրապետության կարգավիճակը` որպես Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավոր»,- ընդգծել է Մայիլյանը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ