30 հունվարի 2020 - 16:43 AMT
Վարչապետն առաջարկել է Duty free-ների ստեղծումը մրցույթով կազմակերպել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությունում ՊԵԿ-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ, առաջարկել է սահմանային անցակետերում Duty free-ների ստեղծման մրցույթ հայտարարել:

Նրա առաջարկով նախագիծը հանվել է օրակարգից՝ կարգավորումներ սահմանելու նպատակով։

Պետեկամուտների կոմիտեի կողմից Կառավարությանը ներկայացված նախագծով առաջարկվում էր Բավրայի ու Բագրատաշենի սահմանային անցակետերի մոտ Duty free խանութներ բացելու համար 49 տարով հողի հատկացումներ անել Duty free market Armenia ՍՊԸ-ին:

Ներկայացնելով նախագիծը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ ընկերությունը մտադիր է 2,5 մլն եվրո ներդնել Բագրատաշենում, և 1,5 մլն եվրո՝ Բավրայում, արդյունքում ստեղծելով 250 աշխատատեղ:

Սակայն վարչապետը սխալ է համարել նման մոտեցումը:

«էս ինչ հողը տալ էսինչ ընկերությանը» որոշումները պետք է բացառել»,-ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հարկավոր է 15-20 օր տալ և տեսնել, թե ինչ այլ առաջարկներ կլինեն:

Duty free market Armenia-ն ռուսական Duty free market ընկերության դուստր ձեռնարկությունն է, որը նմանատիպ խանութների ստեղծման մեծ փորձ ունի ՌԴ-ում: