30 հունվարի 2020 - 17:07 AMT
Ալեն Սիմոնյան. ՍԴ թեման 1-2 ամսում մեկընդմիշտ կփակվի

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ թեև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ժամկետն իրեն հայտնի չէ, ենթադրում է, որ առաջիկա մեկ-երկու ամսում այդ հարցը մեկընդմիշտ կփակվի:

«Հիմա փակագծեր բացել չեմ կարող։ Առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Ժամկետները պայմանավորում եմ այն գործընթացներով, որոնք ավարտին են հասցվում։ Իրավական գործընթացների մասին եմ խոսում», - նշել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը:

Նա չի բացառել իր նշած ժամկետներում սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչումը և այդ ճանապարհով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: Վարչապետը գրառմանը կցել էր նաև «Լուրերի» ռեպորտաժը, որտեղ ներկայացվում են Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները:

Դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: