Նախարար. Կորոնավիրուսը ՀՀ չի հասել՝ դիմակ կրել անհրաժեշտ չէ

Նախարար. Կորոնավիրուսը ՀՀ չի հասել՝ դիմակ կրել անհրաժեշտ չէ

PanARMENIAN.Net - Չինաստանում տարածված կորոնավիրուսը Հայաստան չի հասել, այս պահին դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, վարակների կանխարգելման համար միջոցառումներ են անհրաժեշտ:

Նա հորդորել է ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, սուր շնչառական հիվանդություններով մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել, համատեղ օգտագործվող սպասքը պարբերաբար ախտահանել, գրում է «Առավոտը»:

Սահմանային անցակետերի աշխատանքը վերջին օրերին Թորոսյանը լավ է գնահատել:

«Քանի որ սահմանային անցակետերը կատարում են հսկողություն, եթե աշխարհում կա համաճարակ, դրանց ներուժն ավելացվում է: Դրանք նախարարության ենթակայությամբ չեն, գործում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում: Սակայն, հաշվի անելով համաճարակային իրավիճակը, մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները գործուղվել են սահմանային 6-7 կետ և օգնում են տեսչական մարմնի աշխատակիցներին՝ հսկողություն իրականացնելու»:

Ըստ Թորոսյանի՝ իրենց և տեսչական մարմնի աշխատակիցներն ուղևորներից ճշտում են՝ որտեղից են եկել, վերջին 2 շաբաթում այցելել են արդյոք Չինաստան, ֆիզիկական վիճակն են զննում և այլն:

Նախարարն ասել է, որ Չինաստանից ժամանած քաղաքացիներին ընթացիկ հսկողության տակ են պահում. «Այս պահին անհանգստանալու առիթ չկա»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---