3 փետրվարի 2020 - 12:52 AMT
ԱԱԾ. Կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը պաշտոնավարման ընթացքում Ձորաղբյուրի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Համայնքի բնակիչներից մեկի հաղորդմամբ՝ վերջինիս հոր գերեզմանում այլ հուղարկավորություն կատարելու դեպքով նախապատրաստվող նյութերով, հիշյալ պաշտոնյան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2019-ի փետրվարին որպես կաշառք ստանալով զգալի չափով կանխիկ գումար, հետաքննություն իրականացնող անձին ցուցում է տվել շեղել քննության ընթացքը, անտեսել և թաքցնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները:

Հետաքննություն իրականացնող անձը բաժանմունքի պետի հանձարարությամբ խեղաթյուրել է մի շարք քաղաքացիներից վերցված բացատրությունների բովանդակությունը և, համապատասխան հիմքեր ստեղծելով՝ որոշել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրգործ հարուցումը։

Հիշյալ 2 պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, նրանցից մեկը տվել է խոստովանական բնույթի ցուցմուքներ և պնդել դրանք առերեսման ժամանակ։ Երկուսի հանդեպ ընտրվել է խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։