3 փետրվարի 2020 - 14:19 AMT
Մակունց. Հրայր Թովմասյանը դատական իշխանությունը յուրացնելու նկրտումներ ունի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես դատական իշխանության ղեկավար ներկայանալը նշանակում է, որ նա դատական իշխանությունն ուզուրպացնելու նկրտումներ ունի, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Aysor.am-ը:

«Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանության ջանքերի՝ չթողնելու, որ ՍԴ ճգնաժամը խորանա, տեղի է ունեցել հակառակը՝ հենց դատարանի կողմից», - ասել է Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասել է, որ ՍԴ թեմայով հրավիրվելիք ԱԺ արտահերթի ընթացքում կհնչի նաև հարցի պատասխանը, թե ինչու է Թովմասյանը ձգտում «ուզուրպացնել» դատական համակարգը:

2019-ի աշնանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն էր սկսել: ԱԺ-ն դիմել էր ՍԴ-ին՝ Թովմասյանին լիազորություններից զրկելու համար, ՍԴ-ն, սակայն, մերժել էր: 2019-ի դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

2020-ի հունվարի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը չի կարող լինել ՍԴ ղեկավար և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: